Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական կոալիցիան համարում է սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչը և ակտիվ համագործակցություն է ծավալելու այդ կառույցի հետ։ Միաժամանակ ԱՄՆ-ն հայտարարել է, որ սիրիացի ապստամբներին չի ցուցաբերելու որևէ ռազմական օգնություն։ Այդ մասին երեքշաբթի ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ Նա սիրիական ընդդիմության նորընտիր ղեկավարության ընտրությունն անվանել է կառուցողական քայլ, որն առաջընթաց կգրանցի հակամարտության լուծման հարցում։
«Կոալիցիան պետք է ավարտի կազմակերպչական կառույցների ստեղծման գործընթացը, որպեսզի պատրաստվի Սիրիայում քաղաքական անցումային շրջանին»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Նա նաև նշել է, որ նոյեմբերի 16-ին Լոնդոնում տեղի կունենա միջազգային համաժողով, որտեղ կքննարկվի ընդդիմադիր կոալիցիային օգնություն տրամադրելու հարցը։
Այսպիսով՝ ԱՄՆ-ն հաստատել է, որ ընդդիմադիր կոալիցիան ճանաչում է որպես Սիրիայի պաշտոնական ներկայացուցիչ, որն իր ձեռքը կվերցնի երկրի կառավարումը նախագահ Բաշար Ասադին տապալելուց հետո։